Armenian Translation

Քեյփթաունի բաց կրթության հռչակագիր.
բաց կրթական պաշարների ազատականացում

Կրթությունը և ուսումնառությունը գտնվում են գլոբալ հեղափոխության նախաշեմին։ Ողջ աշխարհում մանկավարժները ստեղծում են համացանցային կրթական պաշարների հսկայական պահոցներ` բաց և ազատ, ամենքի օգտագործման համար։ Այս մանկավարժները ստեղծում են աշխարհ, որում ամեն ոք կամ ցանկացած անհատ կարող է օգտագործել և իր ներդրումը բերել մարդկային ողջ գիտելիքի հանրագումարին։ Նրանք նաև սերմանում են նոր մանկավաժության սաղմերը, որտեղ ուսուցիչները և սովորողները իրենց հմտությունների և պատկերացումների չափով համատեղ ստեղծում, ձևավորում և զարգացնում են գիտելիքը՝ հընթացս խորացնելով իրենց հմտություններն ու ընկալումները։

Բաց կրթության այս զարգացող շարժումը համակցում է աշակերտների հետ լավ գաղափարները կիսելու արդեն իսկ կայացած ավանդույթը համացանցի (ինտերնետ) համագործակցային և փոխներգործուն մշակույթի հետ։ Սա կառուցված է այն հավատամքի վրա, որ յուրաքանչյուրը պետք է ազատ իրավունք ունենա առանց սահմանափակումների օգտագործելու, անհատականացնելու, բարելավելու և տարածելու կրթական պաշարները։ Մանկավարժները, աշակերտները և այլոք, ովքեր կիսում են այս հավատամքը՝ որպես համաշխարհային ջանք կրթությունը դարձնել ավելի հասանելի և ավելի արդյունավետ, համախմբվում են։

Բաց կրթական պաշարների աճող գլոբալ հավաքածուները ստեղծել են պարարտ հող այս ջանքի համար։ Այս պաշարները ներառում են ազատորեն արտոնագրված դասընթացներ, դասերի պլաններ, դասագրքեր, խաղեր, ծրագրաշարեր և այլ նյութեր, որոնք աջակցում են ուսուցմանը և ուսումնառությանը։ Դրանք աջակցում են կրթությունն առավել հասանելի դարձնելուն, հատկապես այնտեղ, որտեղ կրթական նյութերի համար փողը սակավ է։ Դրանք նաև զարգացնում են ուսումնառության, ստեղծագործման, համադրման և համագործակցության մասնակցային մի մշակույթ, որի կարիքն ունեն արագ փոփոխվող գիտելիքահենք հասարակությունները։

Ինչևէ, բաց կրթությունը սահմանափակված չէ միայն բաց կրթական պաշարներով։ Այն նաև ներառում է բաց տեխնոլոգիաները, որոնք աջակցում են համագործակցային, ճկուն ուսումնառությանը և գործնական ուսուցման փորձի բաց փոխանակմանը, որը օգնում է մանկավարժներին օգուտ քաղելու իրենց գործընկերների լավագույն մտքերից։ Այն նաև կարող է վերաճել գնահատման, հավատարմագրման և համագործակցային ուսումնառության ընթացքում նոր մոտեցումների ներառմանը։ Նման նորարարություններ հասկանալը և փոխանակելը վճռորոշ է այս շարժման երկարաժամկետ տեսլականում։

Այս տեսլականի իրագործման համար կան բազմաթիվ խոչընդոտներ։ Շատ մանկավարժներ մնում են անտեղյակ բաց կրթական պաշարների աճող պահոցների մասին տեղեկատվությունից։ Շատ պետական կառույցներ ինչպես նաև կրթական հաստատություններ կա՛մ անտեղյակ են, կա՛մ էլ չեն հավատում բաց ուսումնառության տված օգուտներին։ Բաց պաշարների արտոնագրման համար առկա սխեմաների միջև եղած տարբերությունները առաջացնում են շփոթմունք և անհամատեղելիություն։ Եվ իհարկե, աշխարհում շատերի համար համակարգիչները և ցանցերը որոնք հանդիսանում է բաց ուսումնառության գործունեության ինտեգրալ մասը դեռևս հասանելի չեն։

Այս արգելքները կարելի է շրջանցել, բայց միայն համատեղ աշխատելով։ Մենք հրավիրում ենք սովորողներին, մանկավարժներին, վերապատրաստողներին, հեղինակներին, դպրոցներին, քոլեջներին, համալսարաններին, հրատարակիչներին, միություններին, պրոֆեսիոնալ ընկերություններին, բարձրաստիճան պաշտոնյաներին, կառավարություններին, հիմնադրամներին և այլոց, ովքեր կիսում են մեր տեսլականը, աջակցելու բաց ուսումնառության ձգտմանը և աջակցմանը, և մասնավորապես, այս երեք ռազմավարություններին, որոնք կբերեն բաց ուսումնառության պաշարների հասանելիության և ազդեցության մեծացման.

  1. Մանկավարժնե՛ր և սովորողնե՛ր. Առաջինը, մենք կոչ ենք անում մանկավարժներին և սովորողներին ակտիվորեն մասնակցելու բաց ուսումնառության զարգացող շարժմանը։ Մասնակցությունը ներառում է. բաց ուսումնառության կրթական պաշարների ստեղծում, օգտագործում, հարմարեցում և բարելավում. համագործակցության, հայտնագործման և գիտելիքի ստեղծման շուրջ կառուցված կրթական գործնական աշխատանքների ընդգրկում. և խմբերին ու գործընկերներին մասնակցության հրավերքների առաքում։ Բաց պաշարների ստեղծումը և օգտագործումը պետք է համարվի ուսուցման ինտեգրալ մաս և պետք է համապատասխանաբար աջակցվի և քաջալերվի։
  2. Բաց կրթական պաշարներ։ Երկրորդ, մենք դիմում ենք մանկավարժներին, հեղինակներին, հրատարակիչներին և ինստիտուտներին ազատականացնելու իրենց պաշարները։ Այս բաց կրթական պաշարները պետք է արտոնագրվեն՝ նպաստելու ցանկացած անձի կողմից դրանց օգտագործելուն, վերաշարադրելուն, թարգմանելուն, բարելավելուն և համատեղ շահագործելուն։ Պաշարները պետք է հրատարակվեն այնպիսի ձևաչափերով, որոնք նպաստում են օգտագործմանը և խմբագրմանը և որ հարմարեցված են տեխնիկական լուծումների բազմազանությանը։ Երբ հնարավոր է, դրանք պետք է մատչելի լինեն նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց, և մարդկանց ովքեր դեռ չունեն մուտք դեպի համացանց։
  3. Բաց կրթական քաղաքականություն։ Երրորդ, կառավարությունները, դպրոցական խորհուրդները, քոլեջները և համալսարանները պետք է բաց ուսումնառությունը դարձնեն բարձրագույն նախապատվություն։ Իդեալում հարկատուի կողմից ֆինանսավորված կրթական պաշարները պետք է լինեն բաց կրթական պաշարներ։ Հավատարմագրման և հարմարեցման գործընթացները պետք է նախապատվությունը տան բաց կրթական պաշարներին։ Կրթական պաշարների պահոցները իրենց հավաքածուներում պետք է ակտիվորեն ընդգրկեն և վեր հանեն բաց կրթական պաշարները։

Այս ռազմավարությունները ավելին են քան ճիշտ գործելը։ Սրանք 21-րդ դարի ուսումնառության և ուսուցման մեջ խելացի ներդրում են հանդիսանում։ Սրանք թույլ կտան ուղղորդելու թանկ դասագրքերի ստեղծման գումարները դեպի ավելի լավ ուսումնառություն։ Սրանք կօգնեն ուսուցիչներին աչքի ընկնել իրենց աշխատանքում և կտրամադրեն նոր հնարավորություններ համընդհանուր փոխազդեցության և տեսանելիության համար։ Սրանք կարագացնեն նորամուծությունները ուսուցման մեջ։ Սրանք ավելի վերահսկելի կդարձնեն ուսումնառությունը հենց իրենց՝ սովորողների կողմից։ Սրանք ռազմավարություններ են, որ հասկանալի են բոլորին։

Հազարավոր մանկավարժներ, սովորողներ, հեղինակներ, վարչարարներ, և բարձրաստիճան պաշտոնյաներ, արդեն իսկ, ներգրավված են բաց կրթական նախաձեռնություններում։ Հիմա մենք հնարավորություն ունենք աշխարհի բոլոր ծայրերից միլիոնավոր ուսուցիչների և ինստիտուտների՝ աղքատ թե հարուստ, ներգրավելու այս շարժման մեջ։ Մենք հնարավորություն ունենք դիմելու բարձրաստիճան պաշտոնյաներին՝ միասին աշխատելով որսալ պահը։ Մենք հնարավորություն ունենք ներգրավելու գործարարներին և հրատարակիչներին, ովքեր նախագծում են բաց բիզնեսի նորարարական մոդելներ։ Մենք ունենք հնարավորություն պատրաստելու սովորողների նոր սերունդ, ովքեր հրապուրված են բաց կրթական նյութերով, լիազորված են իրենց ուսուցման գործում և կիսվում են այլոց հետ իրենց նոր գիտելիքով և խորաթափանցությամբ։ Եվ ամենկարևորը, մենք հնարավորություն ունենք ազատորեն հասանելի, բարձր որակի, տեղային պահանջներին համարժեք կրթական և ուսուցողական հնարավորությունների միջոցով արմատականորեն բարելավելու աշխարհով մեկ սփռված հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքերը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, հրավիրում ենք բոլոր անհատներին և ինստիտուտներին միանալու մեզ, ստորագրելու Քեյփթաունի Բաց կրթության հռչակագիրը և, կատարելով սա, նպաստել վերը թվարկված երեք ռազմավարությունների իրականացմանը։ Մենք նաև խրախուսում ենք նրանց, ովքեր ստորագրել են այս հռչակագիրը՝ իրականացնելու հավելյալ ռազմավարություններ բաց կրթական տեխնոլոգիաների, ուսուցման գործնական աշխատանքների բաց համատեղ օգտագործման, և այլնի ուղղությամբ, որոնք միտված են բաց կրթության ավելի լայն տարածմանը։ Յուրաքանչյուր անձի կամ ինստիտուտի հետ, որը նման ներդրում է կատարում, և յուրաքանչյուրի ջանքի հետ, որով ավելի հստակ է դառնում մեր տեսլականը, այն է՝ բաց, ճկուն և արդյունավետ ուսումնառություն բոլորի համար, աշխարհը մեզ ավելի մոտիկ է դառնում։

Սեպտեմբեր 15, 2007 Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա